Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Ավագ հինգշաբթի առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոսի կողմից Ս. Հաղորդության խորհրդի հաստատման: Պատարագը իմաստավորվում է մարդկանց փրկության համար Քրիստոսի զոհաբերությամբ` խաչվելով, Իր արյունը հեղելով եւ Հաղորդության խորհրդի հաստատումով, որը Սուրբ Սեղանի վրա օրհնված հացն ու գինին են: Դրանք Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունն են եւ հոգեւոր սնունդ` հավատացյալների համար. «Ով ուտում է իմ Մարմինը եւ ըմպում Իմ Արյունը, հավիտենական կյանք ունի» (Հովհ. Զ 55):
Ոտնլվա: Ավագ հինգշաբթի կատարվում է նաեւ Ոտնլվայի արարողությունը: Վերջին ընթրիքից հետո Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծունկի եկավ իր աշակերտների առջեւ եւ խոնարհաբար լվաց նրանց ոտքերը` հեզության եւ խոնարհության օրինակ ծառայելով: Եպիսկոպոսը կամ եկեղեցու հոգեւոր հովիվը տասներկու մանուկների կամ եկեղեցու սպասավորների հետ բարձրանում է խորան: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ոտնլվայի արարողությունը կատարում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հոգեւորականը խաչով ու Ավետարանով եւ «Թող օրհնվեն եւ սրբագործվեն այս յուղն ու ջուրը» խոսքերով օրհնում է խորանում դրված ջուրը եւ յուղը: «Պահպանիչ» աղոթքից հետո հոգեւորականը վերցնում է սրբիչը, ծունկի գալիս եւ լվանում տասներկուսի ոտքերը եւ յուղով օծում: Արարողությունից հետո հավատացյալներին բաժանվում է օրհնված յուղ, որը հավատացյալները գործածում են հիմնականում հիվանդությունների դեպքում կամ խառնում տանն ունեցած յուղին:
Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է մի արարողություն, որը «Խավարում» է կոչվում: Սա արդեն վերաբերում է Ավագ ուրբաթի խորհրդին, սակայն Ավագ հինգշաբթի երեկոյան մութն ընկնելուց հետո է կատարվում: